Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանից-Արցախ յուրօրինակ երթը նաև միասնության խորհուրդ ունի

Հայաստանից-Արցախ յուրօրինակ երթը նաև միասնության խորհուրդ ունի
11.10.2016 | 09:00

Հայ եկեղեցասիրաց տիկնանց պատմամշակութային միությունը հանդես է գալիս բացառիկ նախաձեռնությամբ: Միության նախագահ ՖԼՈՐԱ ՇԱԽԳՈՒԼՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ նոյեմբերին նախատեսում են խնկարկման մեծամասշտաբ արարողություն, որը կմեկնարկի Արարատյան թեմից, հոգևորականները մարզերով, քաղաքներով կշարժվեն դեպի Արցախ, դեպի Գանձասար: Արարողությունը կամփոփվի պատարագով: Կլինեն նաև հոգևոր, մշակութային միջոցառումներ, հանդիպումներ` առաջնագծում: «Արցախը կոչելու ենք Սիրո երկիր: Միջոցառումը կրելու է «Իմ սիրո վկա` Արցախ, իմ սիրո համբույր` Գանձասար» խորագիրը»,- ասաց Ֆլորա Շախգուլյանը, նշելով, որ իր առաջարկը դրական արձագանք է գտել, որովհետև մեր երկիրը, մեր հողն իսկապես մաքրման` խնկարկման կարիք ունի. «Խունկ պետք է ծխել ոչ միայն եկեղեցիներում, այլև եկեղեցուց դուրս, ամենուր, որ չարը վերանա հողի վրայից, ախտահանվի ամբողջ միջավայրը: Այսօր հիվանդ ու քաղցկեղածին է հողը: Նայում ես` արտաքինից հողի տված բարիքը` միրգը, բանջարեղենը գեղեցիկ են, իրականում պարարտանյութերով թունավորված են և արհեստածին հիվանդություններ են տարածում»:


Նշենք, որ խունկը ստացվում է տարբեր անուշաբույր խեժերի խառնուրդից: Դրանք արտազատվում են խնկաբեր հատուկ ծառատեսակներից, որոնք աճում են աշխարհի տարբեր ծայրերում: Խունկն օգտագործվել է բոլոր ժամանակներում: Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում է քաղցկեղային հիվանդությունների ու մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակի բորբոքումներից: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հնագույն ժամանակներում խունկը գնահատվել է ավելի բարձր, քան ոսկին:


Հայաստանից-Արցախ խնկարկման յուրօրինակ երթը նաև միասնության խորհուրդ ունի: «Սոցիալական բևեռացումը, ծանր պայմանները մարդկանց չարացրել են միմյանց նկատմամբ: Երկրի վրա Աստվածաշնչյան 10 պատվիրանները չեն կատարվում: Գենետիկ ամենաառաջին կոդը, որ դրված է մարդու մեջ, սերն է: Ամեն կերպ փորձում են մարդու միջից սերը հանել ու փոխարենը նյութ դնել: Նյութը, ագահությունը մարդուն տանում են կործանման: Երբ մայրերը գնում են առաջնագիծ երեխաներին տեսնելու, երբ մեր երեխաները պաշտպանում են երկիրը, սերն է խոսում նրանց մեջ: Եթե մարդու մեջ գլուխ բարձրացնի նյութը, մենք կկորցնենք մեր տարածքները, մեր երեխաներին»,- վստահեցրեց Ֆլորա Շախգուլյանը:


«Խնկարկման ծեսը` Հայաստանից Արցախ, կարելի՞ է որակել համազգային աղոթք առ Աստված»,- հետաքրքրվեցի: «Դա յուրօրինակ ուխտ է, որը շարունակական է լինելու,- ասաց զրուցակիցս:- ՈՒշադրության կենտրոնում են լինելու ՀՀ սահմանամերձ շրջանները, հատկապես Արցախը: Մարդու կյանքը պետք է իբրև անուշաբուրություն լինի Աստծո առաջ։ Խնկարկելով, աղոթքով մենք Աստծուն ասելու ենք, որ գոյություն ունենք, հիշեցնելու ենք մեր երկրի, մեր հողերի մասին: Ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորները տարբեր վկայությունների, հրաշքների են հանդիպել: Եթե մենք համարում ենք, որ Աստված կենդանի է, անպայման վկայություն կտա իր ժողովրդին: Նախկինում վկայությունը մարդիկ հարգել են, առաջնորդվել դրանցով, բայց այսօր հեռու են մնում այդ ամենից»:


Քառօրյա պատերազմին (և ոչ միայն) զենք էին վերցրել նաև մեր հոգևորականները: Ֆլորա Շախգուլյանը նշեց, որ զենքը՝ սուրը, խաչ է, երբ պետք է քեզ պաշտպանես, խաչը դառնում է սուր: «Հռոմի Ֆրանցիսկոս պապը համարվում է նաև հասարակական-քաղաքական գործիչ: Այսինքն` քրիստոնեությունը միայն ծառայություն մատուցելով չի սահմանափակվում, քրիստոնեությունը նաև փիլիսոփայություն է, դիվանագիտություն: Պիտի կարողանաս պահել երկիրդ, հատկապես այսօրվա պարագայում»,- եզրահանգեց Ֆլորա Շախգուլյանը:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ